Հայաստանի պատերի վերաբերյալ

N. Lygeros

հունարենից թարգմանեց Շամրիկ Խաչատրյանը




Թեև բոլորս գիտենք, որ Հայաստանը քարի երկիրն է, հազվադեպ ենք լսում նրա պատերին: Եվ սակայն առանց դրանց, եկեղեցիները գոյություն չէին ունենա: Եկեղեցին մարդկային է, անգամ եթե քարն է գերիշխող: Եվ ցեղասպանությունը հենց այս մարդկայնությունն էր փորձում վերացնել, բայց ապարդյուն:

Այսպես, նայելով Հայաստանի պատերին, անդրադառնում ենք մեր անցյալին: Քանի որ այս պատերը տարածության մեջ, նաև կամուրջներ են ժամանակի մեջ: Ճշմարիտ է, որ ջուրը սակավ է Ջրհեղեղը տեսած այս երկրում: Ասես թե Աստված ուզեցել է փրկել այն մի նոր ջրհեղեղից: Անհրաժեշտ եղավ, ուրեմն, արյունով համալրել թանկարժեք ջուրը: Բայց ինչպե՞ս տեսնենք այն հիմա, եթե ոչ հիանալո՜վ այն արյունով, որ հոսեց վերապրածների երակների մեջ: Միայն թե այդ վերապրածները, որպես փրկվածներ և անմեղների ժառանգներ, իրենք էլ մի աղբյուրի կարիք ունեն, հայականության մի աղբյուրի:

Այս հայականությունը կարող ենք ուսումնասիրել Հայաստանի պատերի միջով: Այս պատերը կառուցվել են աշխարհի տանիքը պահելու համար: Դրանք փակ չեն, այլ նկարված: Աշխարհի առաջ բաց են, ոչ թե թշվառությունը լուսավորելու համար, այլ որպեսզի ճառագայթի մարդկային արժանապատվությունը:

Որքա՞ն ժամանակ ենք կանգնած մի պատի առջև: Առանց ժամանակի այս թվացյալ կորստի, չենք կարող ներթափանցել մարդկային այս գանձարանը: Պետք է դիտենք հին գույները, որպեսզի հասկանանք ժամանակի գույնը: Պետք է դիպչենք քարին, որպեսզի ականջ դնենք արձանին: Առանց Հայաստանի պատերի, դժվար է գտնել ընդդիմության բանալին, միակը, որը կարողացավ հաղթել Օսմանյան կայսրությանը:

Քանի որ հայականությունն ամենից առաջ մի ծածկագիր է: Այն գրված է երկաթյա տառերով, որպեսզի չմոռանա վիշապի հիշողությունը: Այդ պատճառով, իմաստալի է` ուղղաձիգ գրքեր տեսնել Հայաստանի պատերի մեջ: Որովհետև, առանց ուղիղ կանգնելու, ինչպե՞ս կարող ես ազատ լինել: Ծնկի չեկան թուրք զավթիչի առաջ: Գիտեին` որպեսզի ծնկի բերեն քեզ, դու պետք է ծնկի իջնես, քանզի ծառերը կանգնած են մեռնում: Այսպես, Հայաստանի պատերն այլ կերպ չեն կարող վարվել, և սա է պատճառը նրանց վերքերի:

Բայց չպետք է նահանջենք, քանի որ պատմության նույնիսկ սև էջերը պատմության էջեր են: Մինչդեռ մոռացությունն ու անտարբերությունը` նպատակ ունենալով ցեղասպանել հիշողությունը, ժխտում են պատմությունը: Դա չի նշանակում, սակայն, որ պատմությունը կորչում է: Հայաստանի պատերը պատմության իսկական էջանիշեր են: Եվ այդ էջանիշերը ոչինչ չեն մոռանում` ոչ Հայոց ցեղասպանությունը, ոչ էլ պատերազմը Արցախում:

Ահա թե ինչու են օսմանները, երիտթուրքերը, քեմալականներն ու ադրբեջանցիները խոցում Հայաստանի պատերը: Խոչընդոտից բացի ոչինչ չեն տեսնում այնտեղ: Այս ուղղաձիգ պատերը խանգարում են նրանց, քանի որ ցույց են տալիս հայականության մարդասիրությունը: Հայոց ցեղասպանությունն իրագործելով, նրանք հանցանք են գործել ամբողջ մարդկության դեմ: Հենց դրա համար են մեղավոր: Միայն թե նրանք խույս են տալիս, այն սկզբունքի համաձայն, որ հանցագործություն առանց պատժի գոյություն չունի:

Մինչդեռ Հայաստանի պատերը այդ հանցագործության ապացույցներն են, և այդ ապացույցները կարող են գրել պատմությունը, եթե անգամ այն միտումնավոր ջնջվել է մարդկության դահիճների կողմից: Ուստի, անհրաժեշտ է Հայաստանի պատերի մեջ ոչ թե հուսահատ մի ողբերգ տեսնել, այլ մի անհույս հիշողություն, գիտակցելով ապագան չմոռանալու անհրաժեշտությունը, քանզի դա է հանցագործների նպատակը` մարդկության ապագան:







free counters


Opus